Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ
Կիրակի վաղ առավոտյան Ճապոնիայի կենտրոնական հատվածում, նախնական տվյալներով, 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այչի և Սիձուոկա պրեֆեկտուրաներում տուժել է ավելի քան 20 մարդ, հայտնում է Kyodo-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 01:04-ին՝ Սիձուոկա պրեֆեկտուրայի արևմտյան հատվածում՝ մոտ 40 կմ խորության վրա։ Հարևան Այչի պրեֆեկտուրայի Չիտա քաղաքում ցնցումների ուժգնությունը ճապոնական յոթբալանոց սանդղակով հասել է հինգ բալի։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։
Սա Այչիում վերջին շուրջ 30 տարվա ամենաուժեղ երկրաշարժն էր։ Նախորդ անգամ պրեֆեկտուրայում հինգ բալ ուժգնությամբ ցնցումներ գրանցվել էին 1997 թվականին։
Նման ուժգնության ցնցումների դեպքում մարդիկ դժվարանում են տեղաշարժվել առանց հենարանի, իսկ չամրացված կահույքը կարող է շրջվել։ Ավելի թույլ ցնցումներ են զգացվել նաև Նագանո և Գիֆու պրեֆեկտուրաներում։
Սիձուոկայի «Համաոկա» ատոմակայանի օպերատորը հայտնել է, որ կայանի աշխատանքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կայանը գտնվում է Նանկայի խորափողի շրջանում հնարավոր հզոր երկրաշարժի ենթադրվող գոտու մերձակայքում։ Սակայն Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը ցածր է գնահատել կիրակնօրյա ցնցումների՝ նման երկրաշարժի հետ կապ ունենալու հավանականությունը։
Սեյսմիկ ակտիվության պատճառով որոշ տեղական գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Սիձուոկա և Գիֆու-Հաշիմա կայարանների միջև ընկած հատվածում շինկանսեն արագընթաց գնացքները երթևեկել են նվազեցված արագությամբ, սակայն մինչև կեսօր երթևեկությունը վերադարձել է սովորական ռեժիմի։ Կառավարությունը գործողությունները համակարգելու համար օպերատիվ շտաբ է ստեղծել։
Ավելի ուշ՝ առավոտյան ժամը 10:53-ի սահմաններում, երկրի հարավարևմուտքում՝ Կումամոտո պրեֆեկտուրայում, նախնական տվյալներով, 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Կումամոտո, Ուտո և Ուկի քաղաքներում ցնցումների ուժգնությունը հասել է չորս բալի։